ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (1945–95-ին` Էջմիածին), քաղաք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Երևանից 20 կմ արևմուտք: Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը: Վաղարշապատ է կոչվել Վաղարշ Ա Արշակունի թագավորի (117–140) անունով, որը պարսպապատել ու կառուցումներ է կատարել քաղաքում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածինդարձնելով արքայական երկրորդ աթոռանիստը Արտաշատից հետո: Քաղաքի դերը մեծացել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց (301) հետո, երբ այն դարձել է Հայաստանում քրիստոնեական կրոնի գլխավոր կենտրոնը և ձեռք բերել հոգևոր-մշակութային խոշոր նշանակություն: Ագաթանգեղոսի վկայությամբ, Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևացել. Հիսուս Քրիստոսն իջել է Վաղարշապատ և ձեռքի ոսկե ուռով ցույց տվել այն վայրը, որտեղ, ի հիշատակ ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության, պետք է կառուցվեր «տուն աղօթից»: Կատարելով Աստծո կամքը` Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի, նախարարների ու նոր կրոնի նվիրյալների օգնությամբ Սանդարամետի մեհյանի տեղում հիմնել է (301–303) Կաթողիկե եկեղեցի (տես Էջմիածնի Մայր տաճար), Հայոց քահանայապետությունը և Ս. Էջմիածնի միաբանությունը:

Էջմիածին («Էջ Միածնի որդւոյ Աստուծոյ» կամ «Էջ Միածինն») անունը գործածության մեջ է մտել XIII–XV դարերից: Իսկ ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրում, Վաղարշապատի հս-արլ. կողմում Գրիգոր Ա Լուսավորիչը կառուցել է Ս. Հռիփսիմյանց վկայարանը կամ հանգստարանը: Սկսած IV դարից (որոշ ընդհատումներով) Վաղարշապատը ունեցել է հոգևոր-մշակութային հարուստ կյանք, եղել ոչ միայն կրոնա-եկեղեցական, այլև հայ մշակույթի, դպրության, գրչության կենտրոն, իսկ Ս. Էջմիածնի տաճարը, անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից (տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) պահպանել է ՄայրՍբ. Գայանե եկեղեցի տաճարի առաջնային նշանակությունը:

Դեռևս Գրիգոր Ա Լուսավորչի կաթողիկոսության օրոք կառուցվել են հայրապետանոց, միաբանների և սպասավորների կացարան (V դարից հայտնի է «Սուրենյանց անապատ» անունով), հոգևորականներ պատրաստելու և նրանց կրթելու համար քաղաքում բացվել են հունական և ասորական դպրոցներ: Վաղարշապատը հոգևոր-մշակութային  մեծ վերելք է ապրել հատկապես V դ., երբ բուռն գործունեություն են ծավալել Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևն  ու Մեսրոպ Մաշտոցը, որոնք Վռամշապուհ թագավորի (388–413) սատարմամբ բացել են մեսրոպատառ առաջին դպրոցը (տես Էջմիածնի դպրոց): Թեև 484-ին կաթողիկոսարանը տեղափոխվել է Դվին, սակայն հոգևոր-մշակութային կյանքը Վաղարշապատում շարունակել է ծաղկում ապրել: 484–486-ին Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգել է վանքը, իսկ 486–491-ին վանքի հոգաբարձու Ղազար Փարպեցին հիմնադրել է Հայոց առաջին մատենադարանը: Այնուհետև Վաղարշապատը դարձել է հայ գրչության նշանավոր կենտրոն, որտեղ տարբեր ժամանակներում գրվել, ընդօրինակվել ու ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր:

Հոգևոր-մշակութային և շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել VII դ., հատկապես`  Կոմիտաս Ա Աղցեցի, Եզր Ա Փառաժնակերտցի, Ներսես Գ Տայեցի Հայոց կաթողիկոսների օրոք: 618-ին նորոգվել է Կաթողիկեն և կառուցվել Ս. Հռիփսիմե Սբ. Հռիփսիմե եկեղեցիեկեղեցին, 630-ին` Ս. Գայանե եկեղեցին և քահանայական դասի կացարանը, 641–661-ին` Զվարթնոցը, նոր Վեհարան, բաղնիք, ջրհոր, հնձաններ: Սկսած VII դ. կեսից` արաբ., այնուհետև` սելջուկյան, մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով Վաղարշապատը վերածվել է ավերված ու լքված գյուղաքաղաքի, կանգ է առել հոգևոր ու տնտեսական կյանքը: Անշուք ու ամայի վիճակը շարունակվել է մինչև XV դ. կեսը, երբ 1441-ին գումարված Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոսությունը Սսից (Կիլիկիա) տեղափոխել ու վերահաստատել է Վաղարշապատում: Վաղարշապատը կրկին դարձել է համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնը և Հայոց կաթողիկոսների աթոռանիստը, որպիսին մնում է առ այսօր: Հաստատվելով Վաղարշապատում` Հայոց կաթողիկոսները հնարավորություն են ստացել անձամբ հետևելու քաղաքի ներքին կյանքին, աշխուժացնելու միաբանության գործունեությունը, ծավալելու շինարարական աշխատանքներ: Երբ կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը գնել է Վաղարշապատը և դարձրել վանքապատկան կալված (որպիսին մնացել է մինչև 1920-ը), կաթողիկոսարանն ու միաբանությունը սկսել են խրախուսել ու հովանավորել գյուղատնտեսության զարգացումը: Տնտեսական աշխուժացումը որոշ ժամանակով կասեցվել է  XVII դ. սկզբին` պարսից շահ Աբբաս I-ի արշավանքով: Տասնյակ հազարավոր հայերի տեղահանելուց հետո, հայրենիքին կապող նրանց հոգևոր թելերը կտրելու նպատակով շահ Աբբաս I-ը որոշել է Էջմիածնի տաճարը քանդել, քարերը տեղափոխել Սպահան և այնտեղ մի նոր «Էջմիածին» կառուցել: Շահի հրամանով Թահմազ Ղուլի խանըՏրդատ Գ տեղահանել է տաճարի 15 որմերը, ինչպես նաև Սպահան է փոխադրել Լուսավորչի Աջը, մասունքներ ու սրբազան իրեր: Միայն Մայր տաճարի բոլոր քարերի տեղափոխության դժվարությունը Ս. Էջմիածինը փրկել է կործանումից: Թալանված, անբնակ ու անշուք են դարձել նաև Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե վանքերը, որոնց ավերյալ վիճակը նկարագրել է պատմիչ Առաքել Դավրիժեցին: Քաղաքի և Մայր աթոռի միաբանական կյանքում աշխուժություն է սկսվել XVII դ. 2-րդ քառորդից, երբ Մայր տաճարի լուսարար Մովսես վարդապետը (հետագայում` կաթողիկոս Մովսես Գ Տաթևացի) իր մի խումբ համախոհների և սաների հետ ձեռնամուխ է եղել քաղաքի գլխավոր սրբատեղիների վերականգնմանը: Մովսես Գ Տաթևացու հայրապետության օրոք նորոգվել են վանքերը, կատարվել նոր կառուցումներ` փուռ, սեղանատուն, տնտեսատուն, պարսպապատվել Մայր տաճարը: Շինարարական մեծ աշխատանքներ է կատարել նաև Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը: Կառուցել է երկու գմբեթավոր ձիթհանք, քանքան (ստորերկրյա ջրերը հավաքելու և խոնավությունը վերացնելու համար) ևն: Շինարարական աշխատանքները գլխավորել է Ուստա  Գրիգորը, որը 1639-ին արձանագրություն է թողել Տրդատա դռան վրա: Կաթողիկոսը ձեռնարկել է նաև Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե վանքերի նորոգումը, որոնց գմբեթներին կրկին հառնել է «տերունական խաչի նշանը»: Նրա ջանքերով 1640-ին վերաբացվել է Էջմիածնի դպրոցը` Վարդապետարան անունով:

Ավելի վաղ` 1635–37-ին, Վաղարշապատ էր փոխադրվել Հովհաննավանքի դպրատունը: Դպրոցը ծաղկում է ապրել, երբ այնտեղ սկսել են դասավանդել Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին և Ստեփանոս Լեհացին: 1654-ին Փիլիպոս Ա Աղբակեցին ձեռնարկել է Մայր տաճարի զանգակատան շինարարությունը, որն ավարտվել է 1658-ին` Հակոբ Դ Ջուղայեցու օրոք: 1694-ին իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով կառուցվել է Շողակաթ վանքը, իսկ Աստվածատուր Ա Համադանցու օրոք Նաղաշ Հովնաթանը ստեղծել է Մայր տաճարի որմնանկարները: Պատկերազարդումներն ավարտ ել են նրա որդիները` Հակոբ և Հարություն Հովնաթանյանները, Աբրահամ Գ Կրետացու օրոք: Վերջինս կարողացել է ոչ միայն Վաղարշապատը զերծ պահել Հայաստանում թուրք-պարսկական պատերազմի ավերումներից, այլև Նադիր շահի` Վաղարշապատ այցելության ժամանակ (1735, հունիս) որոշ արտոնություններ է ստացել քաղաքի համար:

Ղազար Ա Ջահկեցու օրոք կառուցվել են Ղազարապատի հյուրանոցը (30-ից ավելի սենյակներով), պարտեզ, ջրավազան ևն: Վաղարշապատում շինարարական մեծ աշխատանքներ են կատարվել կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու օրոք, աշխուժացել է ուսումնական, հոգևոր-մշակութային կյանքը: Սիմեոն Ա Երևանցին քանդել է տվել Մայր տաճարի հարակից շինությունները և վանքն առանձնացրել Վաղարշապատից: Ազատված ընդարձակ տարածությունը շրջափակել է պարիսպներով (արմ-ից արլ. 275 մ երկարությամբ և հս-ից հվ. 235 մ լայնությամբ), որոնք 4 կողմերում ունեցել են կամարակապ 4 դռներ և ևս 6 դռներ` տարբեր կողմերում: Իսկ Վաղարշապատի համար կառուցել է նոր եկեղեցի` Ս. Աստվածածինը: 1763-ին հիմնվել է երկու վարժարան, որոնց ուսուցիչ-տեսուչ է նշանակվել Պետրոս Նախիջևանցի եպիսկոպոսը:

Վազգեն Ա ՊալճյանԱյդ վարժարանները, որոնք փաստորեն Էջմիածնի դպրոցի բաժանմունքներն էին, այնուհետև հայտնի են դարձել Էջմիածնի ժառանգավորաց դպրոց անունով: 1771-ին Սիմեոն Ա Երևանցին Գ. Խոջաջանյանցի (Չաքիկյան) միջոցներով հիմնադրել է նաև Հայաստանում առաջին տպարանը, որտեղ 1772-ին լույս է տեսել Հայաստանում առաջին գիրքը` իր իսկ «Գիրք աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր»-ը: 1889-ին կառուցվել է տպարանի նոր շենքը, համալրվել տառաձուլական, տպագրական  նոր մեքենաներով, հարստացվել տարբեր լեզուների տառատեսակներով: 1776-ին Վաղարշապատում Սիմեոն Ա Երևանցին հիմնել է թղթի առաջին գործարանը: Կաթողիկոսը Վաղարշապատ է հրավիրել Հովնաթան Հովնաթանյանին, որը 1769-ից սկսել է Մայր տաճարի նոր պատկերազարդումը և ավարտել Ղուկաս Ա Կարնեցու օրոք:

Վերջինս ավարտին է հասցրել տաճարի հիմնական վերակառուցումը: XVIII դ. Վաղարշապատի հոգևոր., մշակութային, տնտեսական, քաղաքական նշանակությունը և դերը Հայաստանի կյանքում այնքան է մեծացել, որ երբ XVIII դ. վերջին Հովսեփ արք. Արղությանը ռուսական կառավարության հետ բանակցել է Հայոց անկախ թագավորությունը վերականգնելու նպատակով, որպես ապագա մայրաքաղաք առաջարկել է Անին կամ Վաղարշապատը:

XIX դ. սկզբին Վաղարշապատը գտնվել է ռուս-պարսկական պատերազմի (1804–13) առաջավոր գծում:

1804-ին ռուսական բանակը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ պաշարել է Երևանը, բայց, չկարողանալով գրավել, ստիպված վերադարձել է Թիֆլիս` նահանջի ճանապարհին կողոպտելով Ս. Էջմիածինը (արժեքավոր իրերի ու եկեղեցական սպասքի մի մասը վերադարձվել է պատերազմից հետո): Դրանից մի քանի օր անց Էջմիածին այցելած Իրանի Ֆաթալի շահը կարգի է բերել վանքն ու շրջակայքը, ռուսների հասցրած վնասի չափերը տեսնելով` հրամայել առժամանակ հարկերից ազատել կաթողիկոսարանն ու Վաղարշապատը: 1806-ի սեպտեմբերին ռուսական զորքերը կրկին գրավել են Վաղարշապատը, սակայն 1813-ի Գյուլիստանի պայմանագրով ստիպված նորից զիջել պարսիկներին: XIX դ. 1-ին տասնամյակներին, չնայած ավերածություններին ու կողոպուտներին, աշխուժացել է Վաղարշապատի տնտեսական և առևտրական  կյանքը, զգալիորեն համալրվել է կաթողիկոսական գանձարանը` շնորհիվ նաև Արմ. Հայաստանում ունեցած հսկայական տիրույթների և նվիրատվությունների:

1828-ին Արլ. Հայաստանի կազմում անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ` Վաղարշապատը մնացել է վանքապատկան, և ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչել է Մայր աթոռի միաբանության իրավունքները Վաղարշապատի վրա: Չնայած XIX դ. կեսից Վաղարշապատ դարձել է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ բուն քաղաքը կառավարել են կաթողիկոսարանն ու միաբանությունը` Սինոդի հետ մեկտեղ, որը սկսել էր գործել 1837-ից: XIX դ. 1-ին կեսին Վաղարշապատում նշանակալից աշխատանքներ են կատարվել Եփրեմ Ա Ձորագեղցի, Հովհաննես Ը Կարբեցի և Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսների օրոք: 1833-ին կանգնեցվել է հուշարձան 1827-ի Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին, 1847-ին Ներսես Ե Աշտարակեցին սկսել է ձկնաբուծական լճակի շինարարությունը, ընդլայնել (50 աշակերտի համար) իր իսկ հիմնադրած (1813) վարժարանը, վերակառուցվել է քաղաքային շուկան, հոգ տարվել քաղաքը խմելու ջրով ապահովելու մասին ևն: Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք, 1868-ի մայիսին լույս է տեսել Հայաստանում առաջին պարբերականի` Մայր աթոռի պաշտոնաթերթ «Արարատ» ամսագրի առաջին համարը: 1869-ի մայիսի 25-ին հիմնադրվել է Գևորգյան ճեմարանը, որի բացումը կատարվել է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվին հիմնադրվել է Էջմիածնի թանգարանը: Ընդլայնվել է գրատուն-մատենադարանը, 1879-ին բացվել նոր ընթերցարանը: 1872-ին սկսել է գործել Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (տես Հռիփսիմյան օրիորդաց դպրոցներ), որի շենքը կառուցվել է Մայր աթոռի ծախսերով: Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) օրոք վանքում անցկացվել է էլեկտրական լուսավորություն:

1910-ին մեծահարուստ Ալ. Մանթաշյանի նվիրատվությամբ սկսվել է նոր Վեհարանի շինարարությունը: XIX դ. վերջին Վաղարշապատը վերստին դարձել է հայ հոգևոր-եկեղեցական և մշակութային  կյանքի կենտրոններից: Հրատարակվել են կրոնական, աստվածաբանական, հայագիտական գրքեր և ուսումնասիրություններ: Վաղարշապատում ապրել ու գործել են Կոմիտասը, Հովհ. Հովհաննիսյանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ե. Թադևոսյանը, Մ. Եկմալյանը, Գ. Տեր-Մկրտչյանը (Միաբան), Կ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը (Գարեգին Ա Հովսեփյան) և ուրիշներ:

Դարեր շարունակ Վաղարշապատը եղել է պետականությունից զրկված, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի ազգային-քաղաքական կենտրոնը` շնորհիվ հայոց կյանքում Մայր աթոռի և Հայ եկեղեցու ազգահավաք, ազգապահպան դերի: Վաղարշապատում և Հայոց կաթողիկոսների անմիջական մասնակցությամբ են լուծվել հայ ժողովրդի համար կենսական բազմաթիվ խնդիրներ: Վաղարշապատը բազմիցս եղել է ինչպես եկեղեցական  ժողովների գումարման (տես Վաղարշապատի եկեղեցական ժողովներ), այնպես էլ` ազատագրական շարժման կենտրոն (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677):

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) Վաղարշապատը գործուն դեր է խաղացել հայ ժողովրդի քաղաքական պայքարում. այստեղից են հայկական կամավորական գնդերը, կաթողիկոսի օրհնությունը ստանալով, մեկնել ռազմաճակատ: Ազգային-ազատագրական պայքարի կենտրոն լինելու հետ մեկտեղ Վաղարշապատը դարձել էր Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների ու որբերի, ռազմաճակատից բերված հարյուրավոր վիրավորների հանգրվան: Այստեղ այդ տարիներին կազմակերպվել են հիվանդանոցներ ու որբանոցներ,գաղթականներին օգնող կոմիտեներ, մարդասիրական և բարեգործական միություններ:

1918-ի մայիսին, Սարդարապատի ճակատամարտի օրերին, Վաղարշապատը վճռորոշ դեր է խաղացել հայ ժողովրդի ճակատագրում: Մայր աթոռի բազմաթիվ միաբաններ, քաղաքի մտավորականներ ու աշխարհազորայիններ մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, իսկ կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, չնայած քաղական և զինվորական ղեկավարության խնդրանքին, հրաժարվել է ապահովության նկատառումներով հեռանալ վանքից:

Առաջին հանրապետության տարիներին (1918–20) կրկին բարձրացել է Վաղարշապատի և Մայր աթոռի դերը, սակայն խորհրդային կարգեր հաստատվելուց (1920) հետո փորձեր են արվել նսեմացնելու նրանց նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Վանքը և միաբանությունը մեծապես տուժել են ստալինյան հալածանքներից: Սակայն այդ ծանր պայմաններում հայոց կաթողիկոսները հնարավորին չափ գործուն են պահել Վաղարշապատի հոգևոր-եկեղեցական կյանքը, կատարել են շինարարական աշխատանքներ: Վաղարշապատը դարձել է սփյուռքահայությանը Հայաստան բերող հիմնական ազդակներից մեկը: 1944-ից հրատարակվել է Մայր աթոռի պաշտոնական պարբերականը` «էջմիածին» ամսագիրը, 1945-ին Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը: 1950–60-ական թթ. նորոգվել են Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե վանքերը, բարեկարգվել Զվարթնոցի շրջակայքը:

Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի նախաձեռնությամբ մեծ շինարարություն է ծավալվել Ս. Էջմիածնի վանքում: Հիմնովին նորոգվել է Մայր տաճարը, վերականգնվել են որմնանկարները, 1962-ին ավարտվել է նոր Վեհարանի վերաշինությունը, 1968-ին նորոգվել է հին Վեհարանը և վերածվել թանգարանի, 1974-ին կառուցվել է սեղանատունը, 1978-ին` վանատունը, 1982-ին` Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Բացվել են հուշաղբյուրներ, տեղադրվել խաչքարեր: 

Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսի օրոք Մայր աթոռի տպարանում տպագրվել են կրոնական, աստվածաբանական, հայագիտական մեծարժեք աշխատություններ, Գևորգյան ճեմարանի շենքը կրկին վերադարձվել է Մայր աթոռի տնօրինությանը: Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի գահակալությամբ աշխուժացել են Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, բարեկարգվել է վանքի շրջակայքը, ավարտվել է Բաց խորանի շինարարությունը:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 952-956:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ Հեռ.` + 37460 71 00 92
Էլ-փոստ` info@armin.am
© ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianreligion.am