ԱԳԱՊԵ, Ագապ (հուն. αjγαvπη – սեր, առաջին անգամ հանդիպում է Աստվածաշնչի հուն. Յոթանասնից թարգմանության մեջ: Ի տարբերություն իմաստով համարժեք ερω;ς բառի,որը գերազանցապես ակնարկում է զգայական սերը, Ագապեն արտահայտում է Քրիստոսի սերը կամ քրիստոնյաների սերը միմյանց նկատմամբ), ս. Ագապե պատկերող որմնանկար Հռոմի կատակոմբներից մեկում (III դ.)Հաղորդությունից սերված արարողություն: Ագապեի նախատիպեր եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հույների և հռոմեացիների մոտ: Նախնական շրջանում Ագապեն աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում ս. Հաղորդության հետ կապված պաշտոնական ճաշ,որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից: Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի (Ա Կորնթ. 11.23): Սակայն ժամանակի ընթացքում Ագապեի այդ իմաստը խեղաթյուրվել է: Գանգրայի ժողովը (380) փորձել է վերականգնել Ագապեի նախկին բովանդակությունը, սակայն՝ ապարդյուն: VII դ. վերջին Արևմուտքում Ագապեն մեկընդմիշտ վերացավ, սակայն արլ. որոշ եկեղեցիներում (ղպտիների որոշ հատվածի և հայերի մոտ) մնաց իբրև ս. Պատարագին հաջորդող սիրո ճաշ: Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին Ագապեի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու: Ագապեի հրավիրված աշխարհականները Պատարագից առաջ հաց չպետք է ուտեն: Ժողովուրդը պետք է սիրով մատուցի նախնյաց՝ Ագապեի համար սահմանված ընծաները: Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի (554) 22-րդ կանոնն ամբողջովին նվիրված է Ագապեի կանոնադրությանը: Ագապեներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն): Ագապե են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները: Հետագայում Ագապեի վերապրուկներն արտահայտվել են ս. Զատկին մատաղ անելու սովորության մեջ:

                                                   եպս. Պետրոսյան Ե., Քյոսեյան  Հ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 13-14:

 

Տես նաև՝

Հովսեփյան Գ., Ագապի հաստատութիւնը Հայոց եկեղեցւո մեջ, «Արարատ», 1912, էջ 997–1001

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am